ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մնանք սպասող Բյուրոյի խաբարին

Մնանք սպասող Բյուրոյի խաբարին
17.01.2015 | 13:43

Հայաստանի կուսակցությունների համագումարները վաղուց կանխատեսելի են դարձել: Կառավարող կուսակցությունն այն անցկացնում է մարդաշատ դահլիճներում՝ առանց բանավեճերի, բավարարվելով պետության ղեկավարի մոնոլոգ հիշեցնող ելույթով: Համագումարի մասնակիցները հիմնականում լինում են նոմենկլատուրայի ներկայացուցիչները, ովքեր հրաշալի ծափահարում են, որպես կանոն` խուսափում են լրագրողների հարցերին պատասխանելուց ու անվերջ ցիտում են իրենց առաջնորդին: «Հեղափոխական» ընդդիմության համագումարը, ձևի առումով, շատ չի տարբերվում հանրապետականի հավաքներից: Այստեղ էլ խոսում է միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, նրան հարցեր չի տրվում: Մասնակիցները, իհարկե, ոչ թե իշխանության, այլ Ազատության հրապարակի էլիտայի ներկայացուցիչներն են, ու նրանք ծափահարում են ոչ թե իշխանությունների հաջողությունների, այլ քննադատության համար: Փողն այլևս լուրջ գործոն է մեր քաղաքականության մեջ, իրական այլընտրանք գաղափարներին ու ծրագրերին: Այս սկզբունքով դահլիճ է լցնում Հայաստանի միակ «այլընտրանքային» կուսակցությունը: Համագումարի մասնակիցների սոցիալական կազմը, այս դեպքում, ավելի բազմաշերտ է, սակայն նրանք համերաշխ են Գագիկ Ծառուկյանին մեծարելու և ծափահարելու հարցում: Մյուս կուսակցությունների համագումարները, բացի ՀՅԴ-ից, պակաս նշանակալից են: Դաշնակցությունն իր Ընդհանուր ժողովները փակ ռեժիմով է անցկացնում նույնիսկ ինֆորմացիայի արագ տարածման այս շրջանում: Սա էլ այս կուսակցության ավանդույթն է, գործունեության առանձնահատկությունը: Երեկ տրվել է ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովի մեկնարկը: Մի քանի օրից մենք կստանանք նոր-հին Բյուրոյի խաբարը՝ մամլո հաղորդագրության ձևով: Ես չգիտեմ՝ ԸԺ-ում քննարկումներն ինչ թեժություն ու բովանդակություն են ունենում, բայց վստահաբար կարող եմ կանխատեսել, որ հերթական ժողովի ավարտից հետո ավանդական կուսակցության վարքագծում ու հայաստանյան քաղաքական անցուդարձում որակապես նոր բան չենք տեսնելու:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 15349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ